BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Փառատոնին մասնակցող երեխաները, եթե չդառնան դերասան, կլինեն լավ հանդիսատես»

«Փառատոնին  մասնակցող երեխաները, եթե  չդառնան դերասան, կլինեն  լավ հանդիսատես»
12.11.2013 | 11:33

«Նռան հատիկ» մանկապատանեկան ամենամյա թատերական փառատոնն այս տարի մեկնարկեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի դահլիճում` այդ կրթօջախի թատերախմբի բեմադրած Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Բուռն զգացմունք» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Գարիկ Ղազարյան):
Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, Ա. Շիրակացու անվան ճեմարանը:
Ներկայացումներն այս տարի փոքրիկ հանդիսատեսի դատին են հանձնվել հիմնականում Շիրակացու անվան ճեմարանի դահլիճում, մեկ օր` «Մետրո» թատրոնում, և մեկ օր` Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:
«Ինչպես միշտ լեփ-լեցուն դահլիճներ, երեխաների ժպիտ, հիացմունք, երեխաների ծափողջույններ,- պատմում է «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ, «Նռան հատիկ» փառատոնի կազմկոմիտեի անդամ ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ:- Ամեն ներկայացումից հետո, երբ ես ասում էի` ավարտվեց հերթական ներկայացումը, բայց «Նռան հատիկը»..., դահլիճից երեխաները գոչում էին` շարունակվո՜ւմ է: Շատ հաճելի է, որ երեխաներն այդքան սիրեցին մեր փառատոնը, սիրեցին ոչ միայն մասնակիցները, այլև հանդիսատեսը»:
Փառատոնին մասնակցել են նոր խմբեր` Երևանից ու մարզերից: Ակտիվ են եղել հատկապես Գավառի թատերախմբերը: Կան նաև ավանդական խմբեր` Շիրակացու անվան ճեմարանի, Օշականի, Մեծամորի, Մասիսի թատերախմբերը:
Ներկայացումներից առաջ հնչել է Վահան Անդրեասյանի հեղինակած «Թատրոն» երգը` գրված փառատոնի համար: Մասնակիցները ստացել են ավանդական «Թռիչք» արձանիկը և շնորհակալագրեր: Փակման արարողությանը մասնակցել է «Նախաբեմի» պատվավոր նախագահ, երեխաների կողմից շատ սիրված Երվանդ Մանարյանը, ինչպես նաև մշակույթի նախարարության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանը:
«Նռան հատիկը» նպատակ ունի մանկուց երեխաների մեջ մշակելու ճաշակ բարձրորակ գրականության հանդեպ և բեմից հնչեցնելու մաքուր հայերեն խոսք: Գարիկ Ղազարյանը ցավով փաստում է, որ այսօր եթերից, երբեմն նաև բեմից լսում ենք խեղաթյուրված հայերեն: Նրա համոզմամբ` փառատոնին մասնակցող երեխաները, եթե չդառնան դերասան, համենայն դեպս, կլինեն լավ հանդիսատես, դահլիճում չեն սուլի, չեն ուտի, բջջային հեռախոսից չեն օգտվի: Եվ, կարծես, դա հաջողվում է, երեխաների մուտքն ու ելքը դահլիճ, ամեն ինչ քաղաքակիրթ ձևով է արվում:
Փառատոնի նպատակներից մեկն այն է, որ «Թատրոնի պատմությունը» դառնա բոլոր դպրոցների ծրագրային առարկան: Ա. Շիրակացու անվան ճեմարանում հիմնադրման օրից դասավանդվել է «Բեմարվեստ», հիմա ունեն նաև «Մշակույթի պատմություն», «Հռետորական արվեստ» «Դրամատուրգիա»: Հիմնականում անցկացվում են գործնական պարապմունքներ: «Ես հանձնարարում եմ, որ երեխաները գրեն պիեսներ, պատկերացրեք, որ վատ պիեսներ չեն գրում ու իրենք էլ խաղում են: Այսինքն, անցկացվում է դաս-թատրոն»,- ասում է Գարիկ Ղազարյանը:
Վերադառնալով փառատոնային անցուդարձին` նա նշեց, որ անցած տարիներին ունեցել են մասնակիցներ Փարիզից, Բեյրութից, Թեհրանից, Պլովդիվից, մշտական մասնակցիներ ունեն Արցախից, Ջավախքից, անգամ վրացական խումբ է մասնակցել: «Նռան հատիկի» թատերախմբերը փառատոնային հրավերներ են ստանում արտերկրից, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում արձագանքել: Հարկ է ասել, որ մարզերից եկած երեխաների կեցության ծախսերը փառատոնի կազմակերպիչները կարողանում են հոգալ 2-3 օր. եթե գումար լինի, ավելի տևական կլինի երեխաների շփումը: Մանկապատանեկան փառատոնը չի գրավում մասնավոր կառույցների, ձեռներեցների ուշադրությունը:
Հետաքրքրվեցի` ավելի ակտիվ են մարզերի՞, թե՞ մայրաքաղաքի երեխաները:
«Առաջին տարին փառատոնին մասնակցել են միայն Երևանի թատերախմբերը, հետո միացել են մարզերից: Ոչ մի տարբերություն չկա թե՛ մասնակցության, թե՛ որակի առումով։ Առաջին փուլում մենք գնում ենք մարզեր, դիտում ենք, օգնում, որովհետև ոչ բոլոր դպրոցներում կան պրոֆեսիոնալ ռեժիսորներ: Հիմնականում բեմադրություններն անում են ուսուցիչները: Մանկավարժական մոտեցումն այս պարագայում նույնպես շատ կարևոր է: Տեսեք, մենք մրցույթ չենք անում, մենք ուզում ենք, որ երեխաներն ազատ դուրս գան բեմ: Դպրոցից հետո նրանք դեռ կմտնեն այդ պայքարի մեջ»:
Ո՞ր գործերին են ավելի շատ անդրադառնում թատերախմբերը:
Բոլոր այս տարիներին ամենաբեմադրված հեղինակը Թումանյանն է: Ընդ որում, նույն գործերը տարբեր մեկնաբանություններով են ներկայացնում, և մեկը մյուսին չի կրկնում: «Նայում ես ու զարմանում՝ ինչպես են մեկնաբանում այդ մեծ գրողին: Անցյալ տարի ստեփանակերտցիները «Գիքորը» ներկայացրին, Գիքորի դերակատարը ապշեցուցիչ երեխա էր»,- ասում է Գարիկ Ղազարյանը:
Այս տարի թատերախմբերը անդրադարձել են Աթաբեկ Խնկոյանին, Աղասի Այվազյանին, Սերգեյ Ակսակովին, հաճախ են անդրադառնում Շառլ Պերրոյի, Անդերսենի հեքիաթներին, ժամանակակիցներից` Վան Արյանին: Իսկ որոշ թատերախմբեր ներկայանում են իրենց իսկ գրած պիեսներով:
Երեխաները լավ դերասաններ են, ինչո՞վ է դա պայմանավորված:
Գարիկ Ղազարյանի կարծիքով դերասանական ունակություն կա ամեն մարդու մեջ, պարզապես երեխաներն ավելի անեկեղծ են, ավելի վառ են ընկալում կերպարները: Համենայն դեպս, կեղծ դերակատարում չես տեսնի, միայն անմիջականություն, անկեղծություն, ասում է նա ու առանձնացնում որոշ բեմադրություններ: «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Եղեգն» թատերախումբն այս տարի բեմադրել է Րաֆֆու «Սամվելը», որը շատ բարդ էր: «Հույսի կամուրջ» թատերախումբը բեմադրել է Վարդան Աճեմյանի էտյուդները: Ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներն են, երկու այդպիսի խումբ ունենք` «Հույսի կամուրջ» և «Փրկություն»: Նախ այն հանգամանքը, որ այդ երեխաները բարդույթներ չունեն, արդեն լավ է, և ավելի լավ է, երբ դահլիճում նստած երեխաները նրանց ընդունում են շատ ջերմ: Առաջին տարիներին հանդիսատեսը մի փոքր կաշկանդված էր նայում, այսօր դա չկա»: Անդրադառնալով մեր «Շնորհալի երեխաներից հնարավոր չէ՞ ստեղծել թատերախումբ, որը ոչ թե տարին մեկ, այլ մշտապես կգործի» հարցին` զրուցակիցս այսպես պատասխանեց. «Մենք տարիներ առաջ որոշեցինք ստեղծել պատանի դերասանի թատրոն: Լավագույն ներկայացումները փառատոնից հետո ցուցադրեցինք տարբեր դահլիճներում, անվճար, ինչպես բոլոր ներկայացումները: Եթե լիներ հիմնական շենք, կարող էինք գոնե շաբաթը երկու ներկայացում ցուցադրել, սիմվոլիկ գնով: Երեխաները շատ են սիրում թատրոն»:
Գարիկ Ղազարյանի կարծիքով՝ դեռ վաղ տարիքից կարելի է նկատել՝ երեխան ունի՞ արդյոք դերասանական շնորհք:
«Կան շատ վառ արտահայտված դերասանական տվյալներով երեխաներ,-ասում է նա,- իմ խմբում էլ կան այդպիսիք, եթե շարունակեն, կդառնան լավ դերասաններ: Սաղմոսավանի օրինակն ուզում եմ անպայման նշել. փոքրիկ դպրոց է, դահլիճ չունի, բայց ամեն անգամ մեզ զարմացնում է երեխաների, նրանց ղեկավարների նվիրվածությունը: Դպրոցի բակում են ցուցադրում ներկայացումները: Այդ խմբում շատ լավ երեխա կա, այս տարի Փանոս էր խաղում, անցյալ տարի` Քաջ Նազար, ինձ թվում է՝ նրանից լավ դերասան դուրս կգա: Ավելին, մեր փառատոնի մասնակիցներից շատերը սովորում են, ոմանք էլ արդեն ավարտել են թատերական ինստիտուտը»:
Մշակութային իրադարձությունները, մանավանդ եթե սկանդալ չեն խոստանում, ինչպես հարկն է լուսաբանվո՞ւմ են լրատվամիջոցներում: Զրուցակիցս ասաց, որ ոչ մի հեռուստաալիք իրենց հրավիրած ասուլիսին ներկա չի եղել, միայն մի քանի թերթից են արձագանքել: Անցյալ տարի ավելի ակտիվ էր, մի հեռուստաընկերություն կար` կեսկատակ, կեսլուրջ ասում է նա: «Նռան հատիկին» մշտապես անդրադառնում է «Կանչ» թերթը, նախկինում «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունն ուներ մանկական հեռուստաթատրոնի շարք, որն անդրադառնում էր «Նռան հատիկի» ներկայացումներին:
Գարիկ Ղազարյանը կարծում է, որ կարելի է ավելի մեծ ուշադրություն դարձնել «Նռան հատիկին», որովհետև, ի վերջո, այն դաստիարակչական մեծ նշանակություն ունի: Մի հիշեցում էլ՝ «Նռան հատիկը» հիմնվել է 13 տարի առաջ, թատերական առաջին փառատոներից մեկն է:
Հավելենք, որ այս տարի փառատոնը մեկ օր անցկացվեց ԱՊՀ երկրների մշակութային կենտրոն հռչակված Գյումրիում:
Ինչպես երեխաներն են ասում` «Նռան հատիկը» շարունակվում է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ